technopolis
   


Գլխավոր էջ
Ֆորում
    Տեղեկատվություն
Բառարան
Տնային Առողջարանի արխիվ
Դեղաբույսերի հավաքման
ժամանակացույց
Դեղաբույսերի օգտագործման
հակացուցումները
Արգելված սննդային
հավելանյութերի ցանկ
Սննդանյութերի պարունա-
կությունը սննդամթերքներում
Կարևոր սննդարար
նյութերի ցանկ
Դեղաբույսերը` հաբերի
փոխարեն
    Հետադարձ կապ
Հարց Տնային Առողջարանին
Պատվիրել Տնային Առողջարան
Պատվիրել արխիվային
համարներ
Աշխատանք
Տնային Առողջարանում
Ինչպես մեզ գտնել



ԵՐԱԿՆԵՐԻ ՎԱՐԻԿՈԶ ԼԱՅՆԱՑՈՒՄ

"Վարիկոզ" տերմինն առաջացել է լատիներեն varix բառից, որ նշանակում է "հանգույց, փքվածություն": Երակների վարիկոզ լայնացումը բնութագրվում է պարկանման լայնացումներով ու հանգուցանման գնդիկներով: Ըստ վիճակագրության տվյալների, կանայք այս հիվանդությամբ 3 անգամ ավելի հաճախ են հիվանդանում, քան տղամարդիկ:

- Խնդրում եմ գրել երակների վարիկոզ
լայնացման մասին: 
Ո՞ր դեպքերում է ցուցվում վիրահատություն:
Մշտ. ընթ. Երևանից

Հարցի պարզաբանման համար դիմեցինք
"Քանաքեռ-Զեյթուն" բժշկական կենտրոնի վիրաբույժ
Նունե Սողոմոնյանին:

- Ի՞նչ է իրենից ներկայացնում երակների վարիկոզ լայնացումը, ինչպե՞ս է այն զարգանում:

- Յուրաքանչյուր 20-25սմ հեռավորության վրա մեր երակներում կան փականներ, այսինքն`աստիճանանման ելուստներ, որոնք փակվելով հակազդում են արյան հետադարձ հոսքին: Եթե առկա է լինում երակների լայնացում, այդ փականները չեն փակում կամ կիսով չափ են փակում երակի լուսանցքը, և արդյունքում արյունը ցած է հոսում: Երակների վարիկոզ լայնացումը կարող է լինել բնածին և ձեռքբերովի: Առաջինը հիմնականում լինում է այն դեպքում, երբ կա բնածին շարակցական հյուսվածքի թուլություն, այսինքն` երակները կարող են նորմալ ձև ունենալ, սակայն ժամանակի ընթացքում անգամ մարմնի ավելորդ քաշը կարող է խթան հանդիսանալ, որպեսզի երակները լայնանան: Երակների բնածին լայնացման դեպքերը, որպես կանոն, ժառանգական բնույթ են կրում: Մոտ 90-95% դեպքերում մենք գործ ենք ունենում ստորին վերջույթների երակների լայնացման հետ, սակայն խիստ արտահայտված շարակցական հյուսվածքի թուլության դեպքում անգամ վերին վերջույթներում` մեջքին, փորին, այն կարող են լինել լայնացած երակներ: Տարբերակում են խորանիստ և մակերեսային երակների լայնացումներ: Հիվանդներն ավելի շատ գանգատվում են մակերեսային երակներից, քանի որ դա աչքի է զարնում: Սակայն ոչ պակաս կարևոր են խորանիստ անոթներում երակային ճնշման բարձրացումն ու փոփոխությունները:

- Հիվանդությունն ունի որոշակի փուլեր և համապատասխան ախտանիշներ. ինչպե՞ս են դրանք արտահայտվում:

- Վարիկոզ հիվանդության առաջին աստիճանի դեպքում չկան ցցուն երակներ, ցավ, այտուց, կա միայն բնածին կանխատրամադրվածություն, այսինքն` մայրական կամ հայրական կողմում ակնհայտ են եղել երակային հիվանդություններ, անգամ, եթե եղել են շարակցական հյուսվածքի թուլության այլ արտահայտություններ, ինչպես կարճատեսությունը, թութքը, ճողվածքները: Հաջորդ աստիճանն ակնհայտ լայնացած երակներն են, այսինքն`առկա է կոսմետիկ թերությունը, երբ հիվանդները գանգատվում են, թե առաջ մաշկը հարթ էր, իսկ հիմա կա ուռածություն: Երրորդ աստիճանի դեպքում գումարվում է այտուցը, որը հիվանդության զարգացմանը զուգընթաց հնարավոր է դառնա մշտական, սեզոնային, հատկապես ամռանը, երբ, ինչպես գիտենք, երակներն ավելի են լայնանում: Չորրորդ աստիճանը (լիպոդերմատոսկլերոզ) այն դեպքն է, երբ արյան երկարատև կանգը երակներում առաջացնում է մաշկի փոփոխություն. այն կարմրում է, ամրանում, տեղ-տեղ ձեռք է բերում մոմանման կառուցվածք, կարող են գումարվել նաև վարիկոզ դերմատիտը` մաշկաբորբը և քորը:

- Որո՞նք են հիվանդությանը նպաստող գործոնները:

- Հիվանդությանը կարող են նպաստել հղիությունը և ծննդաբերությունը, փորկապությունները, որոնց ժամանակ ճնշում է գործադրվում աղիների վրա, և մեծանում է ներորովայնային ճնշումը, ուժեղ հազը թոքային որոշ հիվանդությունների դեպքում, եթե, իհարկե, կա բնածին կանխատրամադրվածություն: Այս ամենի շնորհիվ է ձևավորվում խորանիստ երակներում արյան բարձր ճնշումը: Դրան կարող են նպաստել նաև արյան մակարդելիության բարձր ցուցանիշները: Ի սկզբանե գուցե չլինեն վարիկոզ լայնացած երակներ, սակայն բարձր մակարդելիության հետևանքով կարող են առաջանալ թրոմբոզներ, այսինքն`առողջ երակի որոշակի հատվածը կարող է խցանվել, և երկրորդային տարբերակով նրանից վերև կամ ներքև գտնվող երակները լայնանան:

- Հիվանդությունը կարո՞ղ է տարածվել:

- Տարածվում են թրոմբերը, որոնք հատկապես ստորին վերջույթներում կարող են պոկվել և տեղափոխվել. դրանք կոչվում են շողացող թրոմբեր: Թրոմբոէմբոլիաների հավանականությունը, այսինքն` թրոմբերը պոկվելու և մեկ այլ տեղ խցանելու վտանգն ավելի է մեծանում վնասվածքների դեպքում, ուռուցքային հիվանդությունների ժամանակ, ամռանը, երբ մարդիկ ուղղակի մոռանում են ջուր խմել: Այսպիսով նրանք մեծ քանակությամբ ջուր են կորցնում քրտինքով, և եթե հեղուկը խմում են ոչ բավարար չափով, արյունն ինքնստինքյան թանձրանում է: Եթե կա վարիկոզ լայնացում` երակի տվյալ հատվածում արյունը դանդաղ է հոսում, ապա սա ևս կհանգեցնի թրոմբոզի: Վարիկոզ երակներում առաջացած թրոմբերը միշտ հանգեցնում են մաշկի ալերգիկ բորբոքման: Դա մենք տեսնում են վարիկոզ դերմատիտների ձևով` հատկապես ամռանը: Հետո այդ տեղում կարող են բացվել վարիկոզ խոցեր. նույն ցանը կարող է լինել ձեռքերին, դեմքին, մարմնի տարբեր հատվածներում, թեև այդտեղ չկա երակային լայնացում:

- Ինչպե՞ս է կատարվում հիվանդության ախտորոշումը և բուժումը: Կա՞ն հատուկ ցուցված կամ հակացուցված միջոցներ վարիկոզ լայնացման դեպքում:

- Նախևառաջ հիվանդության ախտորոշումը կատարվում է կլինիկորեն: Առաջին աստիճանի դեպքում, երբ հիվանդը չունի գանգատներ, արտաքին որևէ փոփոխություն չկա, ախտորոշումը կատարվում է գերձայնային գործիքային հետազոտությամբ: Մնացած դեպքերում ևս օգտվում ենք այս մեթոդից, քանի որ խորանիստ երակները մենք չենք կարող տեսնել, այսինքն` անտեսանելի են նաև նրանցում տեղի ունեցող բորբոքումը, փականային անբավարարությունը, թրոմբը երակի որևէ հատվածում: Այս բոլորի պատասխանը տալիս է հենց գերձայնային հետազոտությունը: Վարիկոզ հիվանդության դեպքում, անպատճառ, բոլոր հիվանդները, անգամ առաջին աստիճանի դեպքում, կարիք ունեն բուժման: Սկսենք նրանից, որ հակացուցված են տաքացնող բոլոր միջոցները`տաք ջուր, շոգեբաղնիք, մերսումներ, արևային լոգանքներ: Ամառային շոգ եղանակին պարզապես պետք է միջոցներ ձեռնարկվեն շոգի ավելցուկը հեռացնելու համար`սառը ջուր, սառը թրջոցներ, սառույց: Հիվանդության մյուս աստիճանների դեպքում ևս ամեն ինչ սկսում ենք սրանից, որին գումարվում է դեղորայքային բուժումը: Միանշանակ, բոլոր հիվանդներին նշանակվում են երակների տոնուսը կարգավորող դեղամիջոցներ: Բուժման պրոցեսում կարևոր տեղ է վերապահվում վիրահատական միջամտությանը: Կան դեպքեր, երբ նույնիսկ երկրորդ, երրորդ աստիճաններից սկսած, եթե մենք գործ ունենք թրոմբի հետ, պետք է մտածել տարբեր կարգի վիրաբուժական մեթոդների մասին: Այժմ կան լազերային և դասական վիրաբուժական մոտեցումներ: Դասական մեթոդները կիրառելի են շատ ավելի բարդացած դեպքերում: Հատկապես մազանոթային ցանցերը կարելի է հեռացնել առանց վիրահատության, պարզապես լազերային փնջի որոշակի դիապազոնների ներգործությամբ: Ընդհանրապես վիրաբուժական և դեղորայքային միջամտություները զուգակցվում են, քանի որ, որպես կանոն, հեռացվում են միայն մակերեսային փոփոխված երակները, որից առաջ և հետո կատարվում է համալիր դեղորայքային բուժում:

- Ի՞նչ հետևանքներ կարող են լինել հիվանդության ոչ լիարժեք կամ ոչ ժամանակին բուժման դեպքում:

- Եթե բուժումը կատարվում է գրագետ, միանշանակ կարելի է խուսափել վարիկոզ երակային լայնացման բարդություններից, որոնք են թրոմբերի տարածումը օրգանիզմում`թոքային երակների կամ այլ խոշոր անոթների թրոմբոէմբոլիաները, աղիների, երիկամների, աչքի անոթների թրոմբոէմբոլիաները: Նման դեպքերը բավական հաճախակի են, մանավանդ, եթե զուգահեռաբար գործ ունենք այլ հիվանդությունների հետ` շաքարախտ, ռևմատիզմ կամ վարակիչ հիվանդություններ, որոնք, որպես կանոն, ախտահարում են երակների ներսի պատը` առաջացնելով բորբոքում և երկրորդային թրոմբեր: Ինչպես արդեն ասացի, եթե նույնիսկ առողջ երակի մեջ կա թրոմբ, կարող են լինել երկրորդային, երրոդային երակային լայնացումներ:

- Ի՞նչ խորհուրդներ կարող եք տալ:

- Նման հիվանդները պետք է օգտագործեն մեծ քանակությամբ միրգ, բանջարեղեն, հեղուկներ (խոսքը, իհարկե, չի վերաբերում գազային ըմպելիքներին): Կան հիվանդներ, որոնք այլ ախտորոշման պատճառով ստիպված են սահմանափակել հեղուկների քանակությունը: Նման դեպքերում մոտեցումն անհատական է: Սակայն, միանշանակ, աղի և շաքարի սահմանափակումն անգամ այս հիվանդներին թույլ է տալիս շատ հեղուկ խմել, ինչի արդյունքում չենք ունենում ոչ արյան ճնշման բարձրացում, ոչ էլ ավելանում են սրտային կամ երիկամային այտուցները: Երակային բոլոր հիվանդներին կամ հակվածություն ունեցողներին խորհուրդ կտամ մարմնամարզությունը, պարը, լողը: Մանավանդ, եթե երակները վատ են կատարում արյան հակադարձ հոսքը դեպի սիրտը, մկանների աշխատանքում դա փոխհատուցվում է: Այսինքն` մարմնամարզության ժամանակ կանգային երևույթներ չեն լինում:

Հարցազրույցը` Գայանե Մանուկյանի

Գլխավոր էջ
Այս բաժնի մյուս նյութերը
Կարող եք բեռնավորել...
Տնային բժշկական տեղեկատու
ՙՏնային բժշկական տեղեկատու՚-ն կօգնի Ձեզ...
Մեղվաբուժության մթերքները
Մեղրը և մեղվաբուծության մյուս մթերքները...
Ոսկեբեղիկ. Բժիշկ Ձեր տանը
Պատահական չէ, որ ոսկեբեղիկ բույսն անվանում են...
Copyright © 2014 “Technopolis” Ltd. All rights reserved. Developed by Technopolis Soft Studio